BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բունդեսլիգայում չեմպիոնը կրկին «Բավարիան» է

Բունդեսլիգայում չեմպիոնը կրկին «Բավարիան» է
02.05.2017 | 13:10

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղն այսօր կանցկացնեն «Ռեալն» ու «Աթլետիկոն», վաղը հարաբերությունները կպարզեն «Մոնակոն» ու «Յուվենտուսը»: Հետաքրքրական է, որ այս քառյակից անցած հանգստյան օրերին միայն «ծեր սինյորան» է ոչ-ոքի խաղացել ներքին առաջնության հերթականում, իսկ ահա մյուս երեքը հաղթական մրցելույթներ են ունեցել, բնականաբար, լուծելով ոչ պակաս օրակարգային խնդիրներ: Սակայն նյութի գլխագրում առանձնացնելով այս չորսին` մենք բնավ չենք թերարժևորում չեմպիոնական մրցավազքում ընդգրկված մյուսներին, պարզապես այս առանձնացումով հավուր պատշաճն ենք մատուցում ակումբային ֆուտբոլի աշխարհի թիվ մեկ առաջնությանը՝ ձեռքի հետ զգուշացնելով, որ այսօրն ու վաղը պատահաբար մոռացության չտաք:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Վոլֆսբուրգ»-«Բավարիա» դիմակայությունը ցույց էր տալու՝ արդյո՞ք հյուրերը կարողացել են «հետ գալ» տարբեր մրցաշարերում վերջերս կրած անհաջողությունից ու արդյո՞ք ժամկետից շուտ են ձևակերպելու չեմպիոնությունը: Միանգամից ասենք՝ «Բավարիան» դա արեց շռնդալից՝ հաղթելով վեց անպատասխան գնդակի տարբերությամբ: Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի սաները գերմանական «գայլերի» նկատմամբ առանձնահատուկ դաժան էին եղել և տնային խաղում:
Ավարտվող մրցաշրջանը միանգամայն հասկանալի լարվածություն է մտցրել «Լայպցիգի» գործողություններում. չէ որ բունդեսլիգայում նորամուտը նշող այս թիմը կարող է պատմություն կերտել՝ դառնալով մրցանակակիր, ընդ որում` իրապես հավակնելով փոխչեմպիոնության: Ճիշտ է՝ տնային դիմակայությունում գերմանական նոր նախագիծը չկարողացավ կոտրել առաջնության հետնապահներից մեկի՝ «Ինգոլշտադտի» դիմադրությունը, սակայն երկրորդ հորիզոնականը շարունակում է վստահաբար պահել ձեռքերում:
Զրոյական հաշվով ավարտվեց նաև Դորտմունդի «Բորուսիա»-«Քյոլն» մրցակցությունը, ինչն «Այնտրախտին» հյուրընկալած «Հոֆենհայմի» համար երրորդ հորիզոնական վերադառնալու փայլուն հնարավորություն էր: Հուրախություն իր բազմահազար երկրպագուների, «Հոֆենհայմը» խնդիրը պատվով լուծեց ու դա չնայած հյուրերի համառ դիմադրությանը՝ 1:0:
«Բավարիայի» միավորները 73-ն են, «Լայպցիգի» ունեցածը պակաս է ուղիղ տասը նիշով, իր հերթին «Հոֆենհայմը» վերջինից հետ է հինգ միավորով: Դորտմունդցիներն ունեն 57 միավոր:
Չնայած արտագնայում «Վերդերին» զիջելուն (0:2)՝ «Հերտան» շարունակում է մնալ եվրագոտում, իսկ ահա մեկ տուր առաջ այնտեղ հայտնված «Ֆրայբուրգը» «Դարմշտադտից» կրած պարտությունից հետո (0։3) տեղը զիջել է արդեն իսկ վերը հիշատակված «Վերդերին»:

ԻՏԱԼԻԱ
«Ատալանտան» փառահեղ ճակատամարտ տվեց երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնին ու այդ տիտղոսի ընթացիկ մրցաշրջանի թիվ մեկ հավակնորդին՝ թույլ չտալով «Յուվեի» այս վերջին հնարավոր չեմպիոնությունը, որ կասկած չի հարուցում, կապել իր անվան հետ: Նշենք, որ այս դիմակայության ընթացքում տանտերերին հաշվի մեջ զիջող «Յուվենտուսը» կարողացավ նախ հավասարեցնել, ապա առաջ անցնել, սակայն «Ատալանտայի» երիտասարդ թիմը, այնուամենայնիվ, կարողացավ պատվաբեր ոչ-ոքիի հասնել:
Հռոմեական դերբիում «Ռոման» սեփական հարկի տակ 1։3 հաշվով զիջեց «Լացիոյին»՝ ոչ միայն ավելի մոտեցնելով «Յուվենտուսի» կասկած չհարուցող չեմպիոնությունը, այլև իր համար տհաճորեն սրելով փոխչեմպիոնության համար պայքարը, եթե, իհարկե, «Նապոլին» կարողանար արտագնայում հաջողության հասնել «Ինտերի» հետ մրցակցությունում, ինչն իտալական «գայլերից» նեապոլցիների հետ մնալը կհասցներ միավորների նվազագույնի: «Նապոլին» այդ քննությունը պատվով բռնեց, թեպետ բավարարվեց դարպասի մեկանգամյա գրավմամբ:
«Յուվենտուսն» ունի 84, «Ռոման»՝ 75, «Նապոլին»՝ 74 միավոր: Եվրագոտում են 67 միավոր ունեցող «Լացիոն» ու նրան երեք նիշով զիջող «Ատալանտան»:

ԱՆԳԼԻԱ
34-րդ տուրն ակնհայտ դարձրեց, որ չեմպիոնական տիտղոսի մրցավեճում «Չելսիին» կարող է ձեռնոց նետել միայն «Տոտենհեմը»: «Չելսին» վստահ մրցելույթ ունեցավ Լիվերպուլում՝ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելով «Էվերտոնին», իսկ Մուրիսիո Պոչետինոյի սաները սեփական հարկի տակ ծնկի բերեցին «Արսենալին»՝ 2:0: Մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ «Չելսին» ունի 81, «Տոտենհեմը»՝ 77 միավոր:
Երրորդ հորիզոնականն իրենով անելու ռեալ շանսը ձեռքից բաց թողեց «Մանչեստր Սիթին», որն արտագնայում, ի դեմս «Միդլսբրոյի», հանդիպեց ահռելի դիմադրության՝ 2:2: Ընդ որում` նկատենք, որ երկու անգամ էլ հետապնդողի դերում եղել են «քաղաքաբնակները»: Ճիշտ է, հավաքած միավորներով (66) «Սիթին» հավասարվեց «Լիվերպուլին», սակայն Յուրգեն Կլոպի սաներն առաջ են ի հաշիվ լրացուցիչ գործակիցների:
Թե «Լիվերպուլին», թե իրենց համաքաղաքացիներին շրջանցելու փայլուն հնարավորություն ուներ «Մանչեստր Յունայթեդը», սակայն, չհաշված բացառությունները, Ժոզե Մոուրինյոյի սաներն ընթացիկ մրցաշրջանում այդպես էլ չեն կարողանում հաղթահարել սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալու բարդույթը: Այս անգամ նրանց «ուրախացնողը» «Սուոնսին» էր՝ 1:1:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի հերթականում տնային խաղում «Մոնակոն», 3:1 հաշվով հաղթելով «Թուլուզին» (նկատենք՝ կամային հաղթանակ էր), արեց իր գործն ու մնաց «Նիցցա»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպման ավարտի սպասումով, որում հյուրերի պարտությունը չեմպիոնական տիտղոսի համար պայքարում երեք միավորով առաջ պոկվելու հնարավորություն կտար մոնեգասկներին: Սակայն տուրը ՊՍԺ-ի համար տհաճ անակնկալ էր պատրաստել: «Նիցցան» սեփական հարկի տակ երկրի գործող չեմպիոնի նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց 3:1 հաշվով՝ միաժամանակ, ինչու չէ, ցատկահարթակ նախապատրաստելով երկրորդ հորիզոնական բարձրանալու համար. չէ՞ որ նրանց ունեցած 77 միավորն ընդամենը երեքով է պակաս «Պարի Սեն Ժերմենի» ունեցածից: Ի դեպ, իր հերթին վերջինիցս նույնքան միավորով են առաջ մոնեգասկները՝ ակտիվում ունեցած պակաս անցկացրած մեկ խաղով:
Դիվիզիոնում շարունակում են եվրագոտում մնալ արտագնայում 2:1 հաշվով «Անժին» ծնկի բերած «Բորդոն» ու նույնպես արտագնայում, սակայն «Դիժոնի» հետ հանդիպումը զրոյական ոչ-ոքիով ավարտած «Լիոնը»:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում չեմպիոնության համար պայքարը խելահեղ հուն է մտել, և յուրաքանչյուր վրիպում հղի է անդառնալի հետևանքներով: «Վալենսիայի» հետ տնային խաղում «Ռեալը» մոտ էր երկրպագուներին ինֆարկտահար անելուն, սակայն Մարսելոյի արագ պատասխանը Պարեխոյի գոլին «արքայականին» ապահովեց երեք միավոր՝ 2:1:
Մրցակցի հետ պայքարում շատ ավելի վստահ եղավ «Բարսելոնը»՝ արտագնայում երեք անպատասխան գնդակի տարբերությամբ հաստատելով առավելությունն «Էսպանյոլի» նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել Սուարեսը, գոլ չի խփել, սակայն մրցակցի դարպասի գրավումներում բացառիկ դեր է ունեցել Մեսին:
«Բարսելոնի» ու «Ռեալի» համեմատ իր հաղթանակում շատ ավելի համոզիչ էր «Աթլետիկոն»՝ հինգ անգամ դրոշմակնքելով «Լաս Պալմասի» դարպասը՝ 5։0:
«Ռեալն» ու «Բարսելոնն» ունեն 81-ական, «Աթլետիկոն»՝ 71 միավոր: Եվրագոտում են արտագնայում երեկ «Մալագայի» հետ մրցած «Սևիլիան» (հաղթանակի դեպքում կհավասարվեր 71 միավոր ունեցող «Աթլետիկոյին»), «Սպորտինգին» պարտության մատնած «Վիլյառեալն» (3:1) ու «Գրանադայի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակ տոնած «Ռեալ Սոսիեդադը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ